Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բեշտաու

Բեշտաու
24.11.2017 | 07:31

1964 թվականն էր, 13 տարեկան էի, և պատերազմի վետերան ու հաշմանդամ, ուսուցիչ Սարգիս հորեղբայրս մի ամառ ինձ իր ընտանիքի հետ տարավ Կիսլովոդսկ, ուր տարիներ շարունակ ճանապարհվում էր առողջարաններում բուժվելու:
Ցերեկները մեկնում էինք Պյատիգորսկ, Մինվոդի, Եսենտուկի, Ժելեզնովոդսկ, իսկ երեկոները հորեղբորս որդի Մակարի հետ վերուվար էինք անում Կիսլովոդսկի կենտրոնում` «Պյատաչոկ» կոչվող գեղատեսիլ, լուսավառ փողոցում, ուր թրև էին գալիս հարյուրավոր հովեկներ ու տեղացիներ:


Քիմքը հիշողություն ունի, և մտաբերում եմ զզվելի գոլ նարզանը, անասելի համեղ հացը, անկրկնելի պաղպաղակը և լիմոնի անմոռանալի գազավորված սիրոպաջուրը, որ արժեր 10 կոպեկ:
Այն ժամանակ ի՜նչ իմանայի, որ Կիսլովոդսկի հայությանը կանդրադառնամ ավելի քան կես դար անց:

Հայերն այստեղ սկսեցին բնակություն հաստատել 1870-ական թվականներից: Նախ եկան նորնախիջևանցի վաճառականները` առևտրի նպատակով, ապա` ղարաբաղցիները, որոնց զբաղմունքը արհեստներն էին: Հետո եկան Կովկասի և Անդրկովկասի այլ քաղաքների, ավանների ու գյուղերի բնակիչներ, և պատճառը մեկն էր` առողջավայրը տարեցտարի կայսրության զանազան ծայրերից նորանոր ունևոր հովեկներ էր ձգում-բերում, իսկ դա տեղաբնակների համար եկամտի առատ աղբյուր էր: Հարուստ հայերը տեղափոխվում էին այստեղ, հողամասեր գնում, կառուցում հոյակերտ շենքեր, շքեղ հյուրանոցներ և դրանք վարձակալության տալիս:


Երբ սկսվեց Առաջին աշխարհամարտը, Կիսլովոդսկում կար շուրջ 130 ծուխ հայ: Հենց 1914 թ. աշնանը նրանք հիմնեցին Կովկասի հայոց բարեգործական ընկերության մասնաճյուղը` արձագանքելով համազգային աղետին: Տեղի ունեցավ ծխական ժողով, ուր քննարկվեցին հայ կամավորներին նյութական աջակցություն ցուցաբերելու հարցերը: Հանգանակվեց 1000 ռ., որը փոխանցվեց Թիֆլիս` Ազգային բյուրոյին: Հետ չմնացին նաև հայուհիները. ընտրվեց 9 հոգուց բաղկացած կոմիտե, որը դրամահավաք կազմակերպեց, ժողովված գումարով 100 ձեռք տաք հագուստ կարեց կամավորների և ձեռք բերեց 364 կտոր օգտագործված հագուստ` փախստականների համար:
Բացի այդ, քաղաքային ու հայկական լազարեթների կոմիտեները` հօգուտ հայ փախստականների ու… եղբայրական Սերբիայի, կազմակերպեցին համերգ: Ստացվեց 1643 ռ. զուտ եկամուտ, որից 1000 ռ. հատկացվեց հայերին, մնացյալը` Սերբիային:
Բայց կար մի խավ, որն անհաղորդ էր ազգային կյանքին, չէր մասնակցում հանգանակությունների, երեկույթների, դասախոսությունների, ներկայացումների և այլ հանդեսների: Այդ շերտը հայ հարուստներն էին, և նրանց տիպական կերպարներից մեկին հիմա կներկայացնեմ:


1862 թ. Նոր Նախիջևանից մի հայ եկավ Կիսլովոդսկ և հանդես եկավ որպես Степан Авдеевич Бештау: Ստեպանը` հասկանալի է, Ավդեյը` հավանաբար Ավետիքն է, իսկ ի՞նչ էր նշանակում Բեշտաու: Թյուրքերենից թարգմանաբար բեշտաու նշանակում է` «հինգ սար», և այդպես կոչվում էր բնության հնգագագաթ հուշարձանը, որով շրջակա միջավայրը ռուսերեն անվանվել էր Պյատիգորիե, իսկ քաղաքը` Պյատիգորսկ: Թե իրականում Ստեպան Ավդեյիչի ազգանունն ինչ էր` պատմությունը լռում է, բայց, ըստ իս, նորնախիջևանցու անեցի նախնիները ժառանգի ազգանունը լսելիս գերեզմանում շուռ էին եկել:


Նույն թվականին Ս. Բեշտաուն գնեց Նովայա Նարզաննայա ջրաբուժարանի հյուսիսային կողմում գտնվող խոտով ու թփուտներով պատված տափարակը և հովեկների համար կառուցեց յոթ սենյակներից բաղկացած մի փայտե տնակ: Որոշ ժամանակ անց փայտաշենը վերացրեց և տեղում կառուցեց երկհարկանի քարաշեն, 35 սենյակ ունեցող հյուրանոց, որն ստացավ իր իսկ անունը: 1911 թ. Ս. Բեշտաուի որդի Յակովը վերակառուցեց և ընդլայնեց հյուրանոցը, ինչի շնորհիվ այն դարձավ քաղաքի ամենաակնառու հասարակական շենքերից մեկը:


Մինչ Յակովը հյուրանոցով էր զբաղվում, հայր Ստեպանը որոշեց հայ համայնքին լավություն անել: Կիսլովոդսկում կար Ռեբրովայա Բալկա անվամբ մի շրջան, որտեղ գտնվում էին քաղաքի ամենաշքեղ առանձնատները: Այստեղ համայնքը գնել էր մի ընդարձակ հողատարածք` եկեղեցի կառուցելու համար: Հենց այդտեղ էլ` Ալեքսանդրովսկի պողոտայում (այժմ` Լենինի, թ. 11), Ս. Բեշտաուն կառուցեց ծխական դպրոցի շենք, որի երեք դասարաններում երկու ուսուցչի դասավանդմամբ սովորում էին չքավոր հայերի 40 երեխաներ: Դպրոցի ճակատին ցուցանակ էր փակցված առ այն, որ շենքը կառուցել է Ս. Ա. Բեշտաուն: Բայց երբ 1914 թ. 84 տարեկան հասակում մահացավ Ստեպան Ավդեյիչը, պարզվեց, որ նա որևէ դրամագլուխ չէր թողել, որի շահութատոկոսներով դպրոցը պիտի պահվեր: Հաստատությանն աջակցելուց հրաժարվեցին նաև նրա ժառանգները: Եվ երբ ամեն անգամ հարց էր ծագում դպրոցի ապահովման վերաբերյալ, ծխականներն ասում էին. «Բեշտաուի անունով է կոչվում, թող նրանք էլ ապահովեն: Կամ դպրոցի ճակատից հանեք ցուցանակը, մենք տեր կկանգնենք մեր դպրոցին»: Պարզ է, որ նման գզվռտոցի պայմաններում տուժողը աղքատների զավակներն էին:


Ի վերջո, ի՞նչ եղան Ս. Բեշտաուի կառուցած շենքերը: Անտերության մատնված դպրոցինը չի պահպանվել: Պահպանվեց հյուրանոցը. խորհրդային ժամանակներում այն վերանվանվեց «Էլբրուս», 1984-ին վերակառուցվեց ու հիմնանորոգվեց` պահպանելով նախկին պատմական տեսքը: Ներկայումս այդտեղ գտնվում են բազմաթիվ կազմակերպություններ, մասնավոր պոլիկլինիկա ու խանութներ:
Բայց Ստեպան Ավդեյիչ Բեշտաուի հոգին կարող է «փառավորվել»` 1924 թ. Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայան նրա կառուցած հյուրանոցում հանդիպեց Կիսլովոդսկի առաջին պիոներների հետ…

Հազարավոր հայ բեշտաուներ եղել են, կան ու կլինեն: Մանթաշյանցներն են հազվադեպ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ